03/31/2025

Տրիխոէպիթելիոմա

Տրիխոէպիթելիոման մաշկի բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է մազային ֆոլիկուլների բջիջներից:

Նկարի նկարագրություն

Ի՞նչ է Տրիխոէպիթելիոման

Տրիխոէպիթելիոման մաշկի բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է մազային ֆոլիկուլների բջիջներից: «Բարորակ» նշանակում է, որ այն չի տարածվում դեպի մարմնի այլ հատվածներ և չի սպառնում կյանքին, ինչպես դա կարող է լինել չարորակ ուռուցքների (օրինակ՝ քաղցկեղի) դեպքում: Այն սովորաբար հայտնվում է որպես փոքր, հարթ, հիմնականում մաշկի գույնին մոտ հանգգուցիկներ կամ հանգույցներ, որոնք կարող են լինել միայնակ (եզակի տրիխոէպիթելիոմա) կամ բազմաթիվ (բազմակի տրիխոէպիթելիոմա): Այս գոյացությունները հաճախ տեղակայվում են դեմքին, պարանոցին կամ գլխամաշկի վրա:

Եկեք պարզաբանենք առաջին հայացքից բարդ թվացող այս տերմինը: «Տրիխո» բառը ծագում է հունարեն «trichos»-ից, որը նշանակում է «մազ», իսկ «էպիթելիոմա»-ն վերաբերվում է մաշկի էպիթելի բջիջներից առաջացած գոյացությանը: Այսպիսով, տրիխոէպիթելիոման կապված է մազարմատների հետ և ծագում է այն բջիջներից, որոնք նման են սաղմնային փուլում մազերի առաջացման համար պատասխանատու ֆոլիկուլյար հերմինատիվ բջիջներից:
Այս ուռուցքը կարող է ունենալ տարբեր տեսք: Որոշ դեպքերում այն եզակի, հարթ գոյացություն է, որը կոչվում է «դեսմոպլաստիկ տրիխոէպիթելիոմա», իսկ մյուս դեպքերում առաջանում են բազմաթիվ գոյացություններ, որոնք կապված են ժառանգական վիճակների հետ, օրինակ՝ Բրուկ-Շպիգլեր համախտանիշի կամ բազմակի ընտանեկան տրիխոէպիթելիոմայի հետ: Կարևոր է իմանալ, որ այն սովորաբար վտանգավոր չէ, բայց կարող է ազդել արտաքին տեսքի վրա և հազվադեպ առաջացնել բարդություններ:

Ո՞վ Է Ռիսկային Խմբում

Տրիխոէպիթելիոմա կարող է առաջանալ բոլորի մոտ, սակայն որոշ խմբեր ավելի հակված են այս վիճակին: Եկեք դիտարկենք, թե ովքեր են նրանք:

  • Ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձինք: Եթե Ձեր ընտանիքում կան մարդիկ, ովքեր ունեցել են բազմաթիվ տրիխոէպիթելիոմաներ կամ նմանատիպ մաշկային գոյացություններ, մեծ է հավանականությունը, որ Դուք ևս կարող եք ժառանգել այդ հակումը:
  • Տարիքային խումբ: Միայնակ տրիխոէպիթելիոման ավելի հաճախ հանդիպում է 40 տարեկանից բարձր մեծահասակների մոտ: Բազմակի ընտանեկան տրիխոէպիթելիոման, սակայն, կարող է սկսվել ավելի վաղ՝ մանկությունից կամ պատանեկությունից:
  • Կանայք: Այս վիճակը ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ: Դա պայմանավորված է գենետիկ գործոնների էքսպրեսիվության բարձր աստիճանով:
  • Արևի ազդեցություն: Երկար ժամանակ արևի տակ գտնվելը կարող է մեծացնել ինչպես մաշկային այլ գոյացությունների, այնպես էլ տրիխոէպիթելիոմայի առաջացման հավանականությունը: Արևի ՈՒՄ ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջները և նպաստել նման փոփոխություններին:
  • Մաշկի վնասվածքներ կամ քիմիական ազդեցություն: Եթե մաշկը հաճախ է ենթարկվում վնասվածքների կամ քիմիական նյութերի ադեցությանը (օրինակ՝ արտադրական միջավայրում), ապա դա կարող է բարձրացնել գոյացությունների զարգացման ռիսկը:

Եթե Դուք պատկանում եք այս խմբերից որևէ մեկին, դա դեռ չի նշանակում, որ Դուք անպայման կունենաք տրիխոէպիթելիոմա, բայց ցանկալի է  ուշադրություն դարձնել Ձեր մաշկին և պարբերաբար հետազոտել այն:

Ինչպե՞ս Է Դրսևորվում Տրիխոէպիթելիոման

Տրիխոէպիթելիոմայի հիմնական նշանը մաշկի վրա փոքր, անցավ գոյացությունների առաջացումն է: Այս գոյացությունները սովորաբար.

  • Փոքր են՝ 2-5 մմ տրամագծով (մոտավորապես կորիզի չափ):
  • Հարթ են և մաշկի գույնին մոտ, երբեմն վարդագույն կամ դեղնավուն:
  • Քորի և ցավի զգացողություն սկզբնական շրջանում չեն առաջացնում:
  • Հաճախ տեղակայվում են դեմքին (օրինակ՝ քթի և շուրթերի միջև՝ նազոլաբիալ ծալքերում), պարանոցին կամ գլխամաշկին:

Միայնակ տրիխոէպիթելիոմայի դեպքում այն կարող է երկար ժամանակ աննկատ մնալ: Բայց բազմակի տրիխոէպիթելիոմայի դեպքում գոյացությունները կարող են աստիճանաբար շատանալ և մեծանալ: Ժամանակի ընթացքում դրանք կարող են անհանգստություն պատճառել՝ կապված արտաքին տեսքի հետ: Հազվադեպ դեպքերում կարող է առաջանալ խոց, ինչը լրացուցիչ զգոնություն է պահանջում:

Այս գոյացությունները կարող են ներառել տելանգիէկտազիաներ՝ փոքր, տեսանելի արյունատար անոթներ, որոնք երևում են մաշկի մակերեսին: Սա նրանց տալիս է յուրահատուկ տեսք, որը չի կարող վրիպել ինչպես Ձեր, այնպես էլ մաշկաբանի աչքից:

Ի՞նչ Է Պատճառը

Տրիխոէպիթելիոմայի առաջացման պատճառները լիովին պարզված չեն, բայց գիտնականները առանձնացրել են մի քանի հիմնական գործոն:

  1. Գենետիկ մուտացիաներ: Այս վիճակը հաճախ կապված է CYLD գենի հետ, որը գտնվում է 16-րդ քրոմոսոմի վրա: Այս գենը կարգավորում է բջիջների աճը և կանխում դրանց անվերահսկելի բաժանումը: Եթե այս գենում առաջանում է մուտացիա, դա կարող է հանգեցնել տրիխոէպիթելիոմայի առաջացմանը: CYLD գենի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել երեք համախտանիշ՝ Բրուկ-Շպիգլերի համախտանիշ, ընտանեկան ցիլինդրոմատոզ և բազմակի ընտանեկան տրիխոէպիթելիոմա:Բացի CYLD-ից, կա նաև կապ PTCH գենի հետ, որը ներգրավված է մաշկի այլ ուռուցքների, օրինակ՝ բազալ բջջային քաղցկեղի առաջացման մեջ:
  2. Արտաքին գործոններ: Արևի երկարատև ազդեցությունը, մաշկի վնասվածքները կամ քիմիական նյութերի հետ շփումը կարող են նպաստել գոյացությունների առաջացմանը, հատկապես եթե կա գենետիկ նախատրամադրվածություն:
  3. Սպորադիկ դեպքեր: Որոշ մարդկանց մոտ տրիխոէպիթելիոման առաջանում է առանց ընտանեկան պատմության: Սրանք կոչվում են «սպորադիկ» դեպքեր, և դրանց պատճառները դեռևս լիովին պարզ չեն:

Ինչպե՞ս Է Ախտորոշվում

Եթե Ձեր մաշկի վրա նկատել եք որևէ կասկածելի գոյացություն, կարևոր է ժամանակին դիմել մաշկաբանի: Ախտորոշումը ներառում է.

  • Զննում: Բժիշկը կուսումնասիրի գոյացությունը՝ գնահատելով դրա տեսքը, չափսը և տեղակայումը:
  • Բիոպսիա: Գոյացությունից փոքր նմուշի վերցնելու և այն մանրադիտակով (հյուսվածաբանական հետազոտություն) ուսումնասիրելու շնորհիվ, բժիշկը կարող է հաստատել, արդյոք դա տրիխոէպիթելիոմա է, թե այլ ուռուցք, օրինակ՝ բազալ բջջային քաղցկեղ:
  • Գենետիկ հետազոտություն: Եթե կա կասկած ժառանգական համախտանիշի մասին (օրինակ՝ Բրուկ-Շպիգլեր), կարող են առաջարկվել գենետիկ թեստեր:

ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնում, օգտագործվում են ժամանակակից մեթոդներ՝ ճշգրիտ ախտորոշման համար:

Բուժման Տարբերակներ

Տրիխոէպիթելիոմայի բուժումը հիմնականում վիրահատական է, թեև կիրառվում են նաև այլ եղանակներ: Ահա հիմնական մեթոդները.

  • Վիրահատական հեռացում: Բժիշկը հեռացնում է գոյացությունը և մի փոքր շրջակա հյուսվածք՝ համոզվելու համար, որ այն ամբողջությամբ հեռացված է: Սա ամենաարդյունավետ մեթոդն է, բայց կարող է թողնել փոքր սպի:
  • Լազերային բուժում: Լազերի միջոցով գոյացությունը «այրվում» է: Սա նվազ ինվազիվ մեթոդ է, չի պահանջում խորը կտրվածքներ և հետագա սպիի ձևավորման ռիսկը փոքր է:
  • Դեղորայքային բուժում: Որոշ դեպքերում փորձարկվել են դեղորայքային բուժումներ, օրինակ՝ բենզոիլ պերօքսիդ պարունակող քսուքներ, որոնք կարող են նվազեցնել գոյացությունների չափսերը: Սակայն այս մեթոդները դեռևս փորձնական են և լայնորեն չեն կիրառվում:

Կանխարգելում և Խորհուրդներ

  • Օգտագործեք արևապաշտպան քսուքներ և գլխարկներ՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար:
  • Խուսափեք մաշկի վնասվածքներից և քիմիական նյութերի հետ շփումից:
  • Պարբերաբար ստուգեք Ձեր մաշկը և անմիջապես դիմեք մաշկաբանի, եթե նկատում եք որևէ գոյացություն:

Բրուկ-Շպիգլերի համախտանիշ

Բրուկ-Շպիգլերի համախտանիշը, որը հայտնի է նաև CYLD մաշկային համախտանիշ անվամբ, աուտոսոմ-դոմինանտ եղանակով ժառանգվող գենետիկական հիվանդություն է:Այն բնութագրվում է մաշկի հավելումներից ծագող բարորակ նորագոյացությունների համաժամանակյա դրսևորմամբ՝ տրիխոէպիթելիոմա, սիրինգոմա և ցիլինդրոմա:

Ի՞նչ Կարող է Լինել Առանց Բուժման

Տրիխոէպիթելիոման սովորաբար դանդաղ է աճում և չի սպառնում կյանքին: Սակայն առանց բուժման այն կարող է.

  • Չափսերով մեծանալ և դառնալ ավելի տեսանելի
  • Հազվադեպ դեպքերում վերածվել չարորակ ուռուցքի (օրինակ՝ տրիխոբլաստիկ կարցինոմա կամ բազալ բջջային քաղցկեղ):
  • Առաջացնել հոգե-էմոցիոնալ անկայունություն՝ էսթետիկ տեսքի հետ կապված:

Եզրակացություն

 
Տրիխոէպիթելիոման մաշկի բարորակ նորագոյացություն է, որը կարող է առաջացնել անհանգստություն և լարվածություն, բայց ճիշտ մոտեցման շնորհիվ այն լիովին կառավարելի է: Եթե Դուք կամ Ձեր հարազատները նկատել եք նման գոյացություններ , ապա դիմեք մաշկաբանի: ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնը պատրաստ է օգնել Ձեզ՝ առաջարկելով ժամանակակից մոտեցումներ ճշգրիտ ախտորոշման և բուժման համար: Հոգ տարեք Ձեր մաշկի մասին և եղեք տեղեկացված:

Կիսվիր այս նյութով
Բաժանորդագրվեք մեր նորություններին