Ակնեն դեռահասների շրջանում
Դեռահասության տարիները լի են փոփոխություններով և նոր մարտահրավերներով: ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ այս տարիքում ամենատարածված մաշկային խնդիրներից մեկը ակնեն է: Յուրաքանչյուր 10 դեռահասից 8-ը բախվում է այս խնդրի հետ, և կարևոր է հասկանալ, որ դա բնական երևույթ է, որը կարելի է կառավարել և շտկել:

Ինչո՞ւ է առաջանում ակնեն
Դեռահասության շրջանում հորմոնալ փոփոխությունները խթանում են մաշկի ճարպագեղձերի աշխատանքը: Արդյունքում արտադրվում է ավելի շատ սեբում (ճարպագեղձերի արտադրուկ), որը, խառնվելով գեղձի ծորանի մեռած բջիջների հետ, բերում է խցանման և ստեղծում է իդեալական միջավայր բակտերիաների զարգացման համար: Սա բերում է թարախաբշտիկների և բորբոքումների այլ գործընթացների առաջացման:
Հոգեբանական ազդեցությունը
Ակնեն ավելին է, քան պարզապես մաշկային խնդիր: Այն կարող է էականորեն ազդել դեռահասի ինքնագնահատականի վրա: Շատերը սկսում են խուսափել սոցիալական շփումներից, նկատվում է տրամադրության անկում: Հենց այստեղ է, որ առանցքային է դառնում ընտանիքի և ընկերների աջակցությունը: Կարևոր է հասկանալ, որ ակնեն ժամանակավոր է, և պրոֆեսիոնալ օգնությամբ այն հաջողությամբ բուժվում է:
Կենսակերպի դերը
Քնի որակը անմիջականորեն ազդում է մաշկի վիճակի վրա: Սմարթֆոնների և գաջեթների կապույտ լույսը խանգարում է մելատոնինի արտադրությանը, ինչը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Փորձեք քնելուց առնվազն մեկ ժամ առաջ հեռու մնալ էկրաններից:
Սննդակարգը նույնպես կարևոր է: Թեև ուղղակի կապ չկա շոկոլադի և ակնեի միջև, սակայն շաքարի և ռաֆինացված ածխաջրերի չափազանց օգտագործումը կարող է վատթարացնել մաշկի վիճակը: Ճարպազերծված կաթնամթերքը նույնպես կարող է վնասել։ Իսկ բազմազան և հավասարակշռված սննդակարգը կարող են օգնել մաշկի առողջությանը:
Ֆիզիկական ակտիվություն և մաշկի խնամք
Չափավոր սպորտը օգնում է կարգավորել հորմոնների մակարդակը և նվազեցնել սթրեսը, իսկ շատ ծանր մարզումները հակառակը, կարող են խթանել կորյակների առաջացումը: Սակայն կարևոր է հետևել հիգիենային՝ մարզվելուց անմիջապես հետո լվացվել և փոխել հագուստը: Օգտագործեք մեղմ, ոչ կոմեդոգեն մաքրող միջոցներ:
Երբ դիմել մասնագետի
Անհապաղ դիմեք մասնագետի, եթե նկատում եք՝
- Խորը, ցավոտ թարախաբշտիկներ
- Սպիների առաջացում
- Կորյակների տարածում դեմքից դուրս
- Հոգեբանական դիսկոմֆորտ
- Ինքնագնահատականի էական անկում
Ժամանակակից բուժում
Մեր կենտրոնում առաջարկվում է բուժման համալիր մոտեցում՝
- Անհատական բուժման պլան
- Տեղային և համակարգային բուժում
- Լազերային բուժում
- Մասնագիտական խորհրդատվություն
- Հոգեբանական աջակցություն
Կանխարգելում և ամենօրյա խնամք
- Օգտագործեք ճարպազերծող մաքրող միջոցներ
- Կիրառեք արևապաշտպան քսուքներ
- Խուսափեք դեմքին հաճախակի դիպչելուց
Հիշեք՝ ակնեն ժամանակավոր է, բայց ճիշտ խնամքը և մասնագիտական օգնությունը կարող են էականորեն արագացնել բուժման գործընթացը: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ այս ճանապարհին: