02/21/2025

Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ

Նկարի նկարագրություն

Ո՞րն է այս նյութի նպատակը

Այս նյութը գրվել է, որպեսզի օգնի ավելին հասկանալ հերպեսանման մաշկաբորբի մասին: Այն մասին է, թե ինչ է դա, ինչն է պատճառը, ինչ կարելի է անել դրա դեմ և ինչպես կարող ենք ավելին իմանալ դրա մասին:

Ի՞նչ է հերպեսանման մաշկաբորբը

Հերպեսանման մաշկաբորբը հազվագյուտ հիվանդություն է, որին բնորոշ է քորը և ​​բշտիկների առաջացումը: Հիմնականում հիվանդությունը ախտահարում է Եվրոպայում բնակվող անձանց՝ 15-ից 40 տարեկան, հատկապես տղամարդկանց: Այնուամենայնիվ, այն կարող է ախտահարել յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից և ռասայից:

Ո՞րն է հերպեսանման մաշկաբորբի պատճառը

Հերպեսանման մաշկաբորբը կապված է մի էնտերոպաթիայի հետ, որը հայտնի է որպես ցելիակիա: Գրեթե բոլոր նրանք, ովքեր ունեն հերպեսանման մաշկաբորբ, ամենայն հավանականությամբ աղիներում ցելիակիա հիվանդության մանրադիտակային փոփոխություններ են ունենում: Ե՛վ հերպեսանման մաշկաբորբի, և՛ ցելիակիայի դեպքում հիվանդները ունեն գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն: Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, տարեկանի, գարու ալյուրի և որոշ այլ հացահատիկների մեջ, ինչպիսիք են կուսկուսը և բլղուրը: Գլյուտենի դեմ իմունային պատասխանը կարևոր դեր է խաղում հերպեսանման մաշկաբորբի ցանի առաջացման գործում:

Արդյո՞ք հերպեսանման մաշկաբորբը ժառանգական է

Հերպեսանման մաշկաբորբով տառապող յուրաքանչյուր տասներորդ մարդն ունի դրա կամ ցելյակիայի ընտանեկան անամնեզ:

Ինչպե՞ս է արտահայտվում հերպեսանման մաշկաբորբը

Հերպեսանման մաշկաբորբը կարող է առաջացնել հետևյալ ախտանիշները

  • Ինտենսիվ քորը հաճախ առաջին և հիմնական ախտանիշն է
  • Մի մասը կարող է ունենալ նաև ցելիակիա հիվանդության մեղմ ախտանիշներ, որոնք կարող են ներառել քաշի կորուստ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի փքվածություն և անհանգստություն:

Հերպեսանման մաշկաբորբին բնորոշ ցանը բաղկացած է փոքր կարմիր բծերից, հեղուկով լցված փոքրիկ բշտիկներից և պապուլաներից: Առավել հաճախ ախտահարվում են արմունկների հետևի հատվածները, ծնկների առջևի հատվածները, գլխամաշկը, հետույքային հատվածը և մեջքը:

Ինչպե՞ս է ախտորոշվում հերպեսանման մաշկաբորբը

Երբեմն հերպեսանման մաշկաբորբը դժվար է ախտորոշել, այն պետք է դիֆերենցել այլ քոր առաջացնող մաշկային հիվանդություններից, ինչպիսիք են էկզեման և քոսը: Կասկածի դեպքում սովորաբար կատարվում է մաշկի բիոպսիա՝ ախտորոշումը հաստատելու համար: Բիոպսիայի ժամանակ մաշկի փոքր նմուշը վերցվում է տեղային անզգայացման տակ մանրադիտակային վերլուծության համար: Սա կարող է կարևոր լինել, քանի որ բուժումը ներառում է սննդակարգի փոփոխություն և կարող է պահանջել երկարատև դիետայի պահպանում: Սովորաբար կատարվում է նաև արյան հետազոտություն։ Երբեմն, բիոպսիա կարող է վերցվել նաև աղիքի ներքին լորձաթաղանթից՝ ստուգելու համար ցելիակիայի բորբոքման տեսակը: Անհրաժեշտության դեպքում այս հետազոտությունը կատարում է գաստրոէնտերոլոգը ՝ հիվանդի հետ քննարկելուց հետո։

Կարո՞ղ է բուժվել հերպեսանման մաշկաբորբը

Ոչ: Այնուամենայնիվ, մաշկի փոփոխությունները և հերպեսանման մաշկաբորբի հետ կապված ախտանիշները սովորաբար անհետանում են սննդակարգի համապատասխան փոփոխություններով, բայց երբեմն նաև պահանջվում է դեղորայք: Դեղորայքը կարող է աստիճանաբար դադարեցվի, առանց գլյուտեն դիետային զուգահեռ: Այնուամենայնիվ, եթե կրկին օգտագործվի գլյուտեն սննդակարգում, ցանն ու ախտանիշները նորից կհայտնվեն:

Ինչպե՞ս կարելի է բուժել հերպեսանման մաշկաբորբը

Դիետա: Բժիշկների մեծ մասը խորհուրդ է տալիս հերպեսանման մաշկաբորբ ունեցող անձանց պահել առանց գլյուտեն դիետա: Ձեր մաշկաբանը կարող է ուղղորդել դիետոլոգի և գաստրոէնտերոլոգի մոտ: Դիետան դանդաղ է աշխատում, բայց սովորաբար թեթևացնում է ինչպես մաշկի, այնպես էլ աղիքների ախտանիշները: Առանց գլյուտեն դիետան հիմա այնքան դժվար չէ պահել ինչքան նախկինում։ Սուպերմարկետների մեծ մասը վաճառում է մի շարք առանց գլյուտեն հաց, թխվածքաբլիթներ, տորթեր և այլն: Դիետան կարող է ինչպես նվազեցնել և ի վերջո վերացնել դեղորայքային բուժման անհրաժեշտությունը, այնպես էլ նվազեցնել աղիքային ախտանիշները։
Տեղային դեղամիջոցներ. Ուժեղ ստերոիդային քսուքները կարող են օգտակար լինել քորի ախտանիշները մեղմելու համար: Դրանք սովորաբար նշանակվում են որպես նախնական բուժում՝ մինչ հետազոտությունների արդյունքների ստանալը, կամ մեղմ ախտանիշները վերահսկելու համար, երբ օրալ դեղամիջոցներ անհրաժեշտ չեն:
Ընդհանուր ազդացության դեղամիջոցներ. Դապսոն կոչվող դեղամիջոցը նախընտրելի բուժում է և սովորաբար նվազեցնում է քորը մի քանի օրվա ընթացքում: Դապսոնը հակաբակտերիալ դեղամիջոց է, որը պատկանում է սուլֆոնամիդային հակաբիոտիկների դասին: Քանի որ դա կարող է ունենալ կողմնակի բարդություններ, բուժումը սովորաբար չի սկսվում այնքան ժամանակ, քանի դեռ լաբորատոր հետազոտությունները չեն հաստատել ախտորոշումը: Դապսոնը սովորաբար իջեցնում է էրիթրոցիտների քանակը և հեմոգլոբինը: Դա սովորաբար դեղաչափից կախյալ է, առանց ախտանիշների և վերահսկվում է արյան հետազոտությունների միջոցով: Հազվադեպ, դապսոնը կարող է առաջացնել էրիթրոցիտների քանակի արագ անկում, այդ իսկ պատճառով արյան հետազոտությունները կատարվում են ամեն շաբաթ: Ցանկացած արտասովոր ախտանիշի ժամանակ, ինչպիսիք են ջերմությունը, կոկորդի ցավը, կապտուկը, շրթունքների կապտությունը կամ շնչահեղձությունը, պետք է անհապաղ տեղեկացնել բժշկին: Եթե ​​կա անտանիելություն կամ ալերգիկ երևույթներ դապսոնի նկատմամբ, որպես այլընտրանքային բուժում կարող են կիրառվել համակարգային ստերոիդային միջոցներ:

Ի՞նչ կարող ենք անել

Հերպեսանման մաշկաբորբը ախտորոշվելուց հետո խստորեն խորհուրդ է տրվում ողջ կյանքի ընթացքում առանց գլյուտեն դիետա: Սա մեծացնում է ախտանիշներից զերծ մնալու հավանականությունը և նաև օպտիմալացնում է գլյուտեն անտանիելություն ունեցող անձանց ընդհանուր առողջությունը:

Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբով հիվանդների սննդակարգ

Սննդակարգից բացառվող մթերք

  • Ցորենի, գարու, վարսակի, տարեկանի, աշորայի ալյուրից պատրաստված մթերքներ՝ հացաբուլկեղեն, մակարոնեղեն
  • Մսամթերքից, ձկնամթերքից և թռչնամսից պատրաստված սննդմթերք հացահատիկների կիրառմամբ (պելմենի, ռավիոլի, նրբերշիկ, երշիկ)
  • Ծխեցրած և ապխտած մսամթերք
  • Արոմատիզացիայի ենթարկված կաթնամթերք (յոգուրտ)
  • Սառեցման, չորացման ենթարկված, պահածոյացված մրգեր, բանջարեղեն
  • Բանջարեղեն՝ կաղամբ, լոբի, բակլա, ոսպ, ոլոռ, հացահատիկավորներ
  • Սրճային ըմպելիքներ վարսակի, տարեկանի, աշորայի պարունակությամբ, կվաս, գարեջուր, այլ գունավոր ալկոհոլային խմիչքներ
  • Պաղպաղակ, պուդինգներ, շոկոլադ, մարցիպան,
  • Սոուսներ, համեմունքներ (սոյայի սոուս, կետչուպ, մայոնեզ, մանանեխ)
  • Յոդացված աղ, յոդով հարուստ մթերքներ (ծովաձուկ, կաղամար, ծովախեցգետին, կակղամորթ)
  • Հանքային ջրեր, որոնք պարունակում են յոդի և բրոմի աղեր
  • Հալոգեններ (ֆտոր, քլոր, բրոմ, յոդ) պարունակող դեղորայք

Սննդի մեջ կարելի է օգտագործել

  • Հացահատիկավորներ և օսլա պարունակող մթերքներ, որոնք զուրկ են գլուտեինից` բրինձ, մանիոկա, եգիպտացորեն, սոյա, հնդկաձավար
  • Մսամթերք և ձկնամթերք(ոչ ծովային), թռչնամիս, ձու
  • Կաթնամթերք (կաթ, պանիր, կաթնաշոռ, թթվասեր)
  • Թարմ մրգեր բանջարեղեն
  • Թեյ, կակաո, բնական սուրճ, հանքային ջրեր՝ յոդի և բրոմի աղեր չպարունակող
  • Գլյուկոզա, սախարոզա, մեղր, կիսել, կոմպոտ, մուրաբա, ջեմ, մարմելադ, ժելե
  • Կարագ, ձիթապտղի և արևածաղկի ձեթ, մարգարին
  • Կանաչի, ընկուզեղեն, ձիթապտուղ, համեմունք, քացախ, յոդ չպարունակող աղ

Սննդակարգի անհատական նշանակումն իրականացվում է բժշկի կողմից, հաշվի առնելով հիվանդի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունները և այլն

Լրամշակված է ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնում

Կիսվիր այս նյութով
Բաժանորդագրվեք մեր նորություններին