04/28/2025

Բազալ բջջային քաղցկեղ

Բազալ բջջային քաղցկեղը պատկանում է մաշկի ոչ մելանոմային քաղցկեղների խմբին: Այն ծագում է էպիդերմիսի (վերնամաշկի) հիմային (բազալ) շերտի բջիջներից: Էպիդերմիսը մեր մաշկի պաշտպանիչ ծածկույթն է, որը դիմակայում է արևի ճառագայթներին, ջերմությանը և այլ արտաքին ազդակներին: Բազալ բջիջները գտնվում են էպիդերմիսի խորքային մասում և անընդհատ բաժանվում են՝ ստեղծելով նոր մաշկային բջիջներ, որոնք փոխարինում են մաշկի մակերևույթի բջիջներին:

Նկարի նկարագրություն

ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնը ներկայացնում է այս հրապարակումը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը բազալ բջջային քաղցկեղի մասին, որը մաշկի ամենատարածված քաղցկեղներից մեկն է: Այս հիվանդությունը կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ, սակայն որոշ խմբեր գտնվում են ավելի բարձր ռիսկի խմբում: Մեր նպատակն է տրամադրել հստակ, հանրամատչելի և գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն, որը կօգնի Ձեզ հասկանալ բազալ բջջային քաղցկեղի էությունը, ճանաչել նրան բնորոշ նշանները և կանխարգելել հիվանդությունը:

Ի՞նչ է բազալ բջջային քաղցկեղը

Բազալ բջջային քաղցկեղը պատկանում է մաշկի ոչ մելանոմային քաղցկեղների խմբին: Այն ծագում է էպիդերմիսի (վերնամաշկի) հիմային (բազալ) շերտի բջիջներից: Էպիդերմիսը մեր մաշկի պաշտպանիչ ծածկույթն է, որը դիմակայում է արևի ճառագայթներին, ջերմությանը և այլ արտաքին ազդակներին: Բազալ բջիջները գտնվում են էպիդերմիսի խորքային մասում և անընդհատ բաժանվում են՝ ստեղծելով նոր մաշկային բջիջներ, որոնք փոխարինում են մաշկի մակերևույթի բջիջներին:

Երբ բազալ բջիջները սկսում են անկանոն կերպով բաժանվել՝ առաջանում է ուռուցք: Բազալ բջջային քաղցկեղը սովորաբար դանդաղ է աճում և հազվադեպ է տարածվում դեպի մարմնի այլ հատվածներ (այսինքն՝ մետաստազներ չի առաջացնում): Այնուամենայնիվ, բուժման բացակայության դեպքում, այն կարող է խորանալ, վնասել շրջակա հյուսվածքները (օրինակ՝ մկանները կամ նույնիսկ ոսկորները) և առաջացնել լուրջ բարդություններ, հատկապես դեմքի կամ աչքերի շուրջ տեղակայվելու դեպքում:

Ինչու՞ է Բազալ բջջային քաղցկեղն այդքան տարածված

Բազալ բջջային քաղցկեղի բարձր տարածվածությունը կապված է մի շարք գործոնների հետ, որոնցից գլխավորը արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթներն են: ՈՒՄ ճառագայթները վնասում են մաշկի բջիջների ԴՆԹ-ն՝ առաջացնելով մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բացի արևից, կան նաև այլ գործոններ, որոնք մեծացնում են բազալ բջջային քաղցկեղի ռիսկը: Եկեք հասկանանք, թե ինչն է նպաստում այս հիվանդության զարգացմանը:

Հիմնական ռիսկի գործոնները

  • Արևի ճառագայթներ
    Արևի ՈՒՄ ճառագայթները բազալ բջջային քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն են: Երկարատև կամ ինտենսիվ ազդեցությունը, հատկապես առանց պաշտպանության, վնասում է մաշկը:

    • Արևայրուքներ: Կյանքի ընթացքում արևայրուքների առկայությունը, հատկապես, որի ընթացքում մաշկն այրվել է (օրինակ՝ կարմրել է կամ բշտիկներ են առաջացել), մեծացնում է բազալ բջջային քաղցկեղի զարգացման հավանականությունը:
    • Կարճատև, բայց ուժեղ ազդեցություն: Երկար ժամանակ արևի տակ գտնվելն ավելի վտանգավոր է, քան ամենօրյա, բայց կարճատև ազդեցությունը:
    • Արևային սոլյարիներ: Սոլյարիներում օգտագործվող ՈՒՄ ճառագայթները նույնպես մեծացնում են ռիսկը, հատկապես երիտասարդ կանանց մոտ, որոնց մոտ տարիքի հետ մեծանում է կումուլյատիվ (կուտակային) ազդեցությունը:
  • Մաշկի տեսակը
    Մաշկի բաց ֆոտոտիպ ունեցող մարդիկ ավելի խոցելի են, քանի որ նրանց մաշկը պարունակում է ավելի քիչ մելանին՝ բնական պիգմենտ, որը պաշտպանում է ՈՒՄ ճառագայթներից:

    • Կարմիր կամ բաց գույնի մազեր, կապույտ կամ կանաչ աչքեր ունեցող անձինք ավելի բարձր ռիսկի խմբում են:
    • Պեպենները մանկության ընթացքում վկայում են մաշկի զգայունության մասին:
  • Տարիքը և սեռը
    Բազալ բջջային քաղցկեղի ռիսկը մեծանում է տարիքի հետ, քանի որ ՈՒՄ ճառագայթների ազդեցությունը կուտակվում է ժամանակի ընթացքում: 55-75 տարեկան մարդկանց շրջանում բազալ բջջային քաղցկեղի զարգացման հաճախականությունն ավելի մեծ է, քան երիտասարդների շրջանում: Սակայն վերջին տարիներին նկատվում է բազալ բջջային քաղցկեղի աճ նաև երիտասարդների, հատկապես կանանց մոտ:
  • Թույլ իմունային համակարգը
    Իմունային համակարգը կարևոր դեր է խաղում քաղցկեղային բջիջների դեմ պայքարում: Եթե այն թուլացած է, օրինակ՝

    • Օրգանների փոխպատվաստումից հետո,
    • Իմունային հիվանդությունների (օրինակ՝ ՀԻՎ) հետևանքով,
    • Քիմիաթերապիայի կամ այլ իմունաճնշիչ դեղորայքի պատճառով, ապա բազալ բջջային քաղցկեղի ռիսկը մեծանում է:
  • Ֆոտոսենսիբիլիզացնող դեղամիջոցներ
    Որոշ դեղամիջոցներ մաշկը դարձնում են ավելի զգայուն ՈՒՄ ճառագայթների նկատմամբ, ինչը մեծացնում է բազալ բջջային քաղցկեղի զարգացման ռիսկը: Օրինակ՝որոշ միզամուղներ, հակաբիոտիկներ և հակադեպրեսանտներ:
  • Գենետիկ գործոններ
    Որոշ մարդիկ ժառանգական հակում ունեն բազալ բջջային քաղցկեղի նկատմամբ: Օրինակ՝Գորլին-Գոլցի համախտանիշը հանգեցնում է բազմաթիվ բազալիոմաների առաջացման երիտասարդ տարիքում:

Ինչպե՞ս դրսևորվում է բազալ բջջային քաղցկեղը

Բազալ բջջային քաղցկեղը սովորաբար հայտնվում է մաշկի վրա՝ որպես անսովոր փոփոխություն: Այն կարող է ունենալ տարբեր ձևեր՝ կախված իր տեսակից: Ահա բազալ բջջային քաղցկեղի հիմնական տեսակները և նրանց բնորոշ նշանները:

  • Հանգուցավոր (նոդուլյար)
    Սա ամենատարածված ձևն է, որը կազմում է դեպքերի մոտ 60%-ը: Այն նման է՝

    • Փոքր, փայլուն, կիսաթափանցիկ գոյացության (պապուլա), որը կարող է լինել վարդագույն, կարմիր կամ սպիտակ:
    • Կենտրոնում կարող է առաջանալ խոց, որը հաճախ արյունահոսում է կամ ծածկվում է կեղևով:
    • Գոյացության մակերեսին երևում են տելեանգիէկտազիաներ՝ մանր, սարդոստայնանման արյունատար անոթներ:
    • Ամենից հաճախ հայտնվում է դեմքի վրա՝ քթի, ճակատի կամ այտերի հատվածում:
  • Մակերեսային
    Այս տեսակը հաճախ հայտնվում է մարմնի վրա, օրինակ՝ մեջքի կամ կրծքավանդակի վրա և նման է՝

    • Կարմիր, թեփոտված բծի, որը կարող է շփոթվել էկզեմայի, սնկային վարակի կամ պսորիազի հետ:
    • Բիծը հարթ է կամ մի փոքր բարձրացած եզրերով, որոնք նմանվում են մարգարիտի:
    • Այն դանդաղ է աճում և կարող է երկար ժամանակ աննկատ մնալ:
  • Սկլերոդերմանման
    (մորֆեանման) Սա ավելի հազվադեպ, բայց ագրեսիվ ձև է: Այն նման է՝

    • Սպիտակ կամ դեղնավուն սպիի, որը կարծր է և հարթ:
    • Կարող է խորանալ մաշկի մեջ՝ առանց ակնհայտ խոցերի կամ արյունահոսության:
    • Դժվար է ախտորոշել, քանի որ այն նման է սովորական սպիի կամ մաշկի այլ վնասվածքի:
  • Պիգմենտավորված
    Այս ձևն առավելապես հանդիպում է մաշի մուգ գույն ունեցող անձանց շրջանում և հաճախ նմանվում է մելանոմային: Այն հիմնականում հայտնվում է դեմքի կամ պարանոցի վրա և ունի մուգ գունավորում:

Բազալ բջջային քաղցկեղի մոտ 70%-ը հայտնվում է դեմքի վրա, քանի որ այդ հատվածն ամենաշատն է ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը: Այն կարող է առաջանալ նաև պարանոցի, մեջքի,ավելի հազվադեպ կրծքավանդակի և վերջույթների վրա: Հազվադեպ այն կարող է առաջանալ սեռական օրգանների շրջանում:

Ինչպե՞ս ճանաչել բազալ բջջային քաղցկեղի նշանները

Բազալ բջջային քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս սկսել բուժումը, նախքան ուռուցքը կվնասի խորքային հյուսվածքները: Ահա մի քանի նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.

  • Չբուժվող վերք կամ խոց: Մաշկի վրա վերք, որը չի լավանում 3-4 շաբաթվա ընթացքում, կարող է լինել բազալ բջջային քաղցկեղի նշան:
  • Արյունահոսություն կամ կեղև: Վերքը կարող է հեշտությամբ արյունահոսել, նույնիսկ աննշան հպումից հետո:

Ինչպե՞ս Է ախտորոշվում բազալ բջջային քաղցկեղը

Եթե նկատում եք կասկածելի փոփոխություն Ձեր մաշկի վրա, առաջին քայլը մաշկաբանին այցելությունն է: Մաշկաբանը կարող է օգտագործել հետևյալ մեթոդները՝ բազալ բջջային քաղցկեղն ախտորոշելու համար.

  • Կլինիկական Զննում
    Բժիշկը կզննի գոյացությունը՝ ուշադրություն դարձնելով գույնին, ձևին, չափսին և տեղակայմանը: Հաճախ փորձառու մաշկաբանները կարող են ախտորոշել բազալիոման՝ հիմնվելով միայն կլինիկական զննման վրա.
  • Դերմատոսկոպիա
    Բազալ բջջային քաղցկեղի դեպքում դերմատոսկոպիան կարող է ցույց տալ՝

    • Մակերեսային տելեանգիէկտազիաներ (մանր արյունատար անոթների),
    • Շագանակագույնից մինչև դեղնավուն բծեր,
    • Անկանոն եզրեր:
  • Բիոպսիա
    Վերջնական ախտորոշման համար բժիշկը կարող է վերցնել մաշկի փոքր նմուշ (բիոպտատ) և ուղարկել այն լաբորատորիա:
  • Հյուսվածաբանական հետազոտություն:
    Լաբորատորիայում հյուսվածքը հետազոտվում է մանրադիտակով՝ հաստատելու բազալ բջջային քաղցկեղի առկայությունը և որոշելու դրա տեսակը:
  • Պատկերային Հետազոտություններ
    Հազվադեպ, եթե կա կասկած, որ բազալ բջջային քաղցկեղը խորացել է կամ տարածվել է, բժիշկը կարող է առաջարկել ՄՌՇ (մագնիսա-ռեզոնանսային շերտագրություն) կամ ՀՇ (համակարգչային շերտագրություն)՝ գնահատելու վնասվածքի խորությունը կամ տարածվածությունը:

Բազալ բջջային քաղցկեղի Բուժումը

Բազալ բջջային քաղցկեղի բուժման տեսակը կախված է ուռուցքի չափսից, տեղակայումից, տեսակից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից: Բարեբախտաբար, բազալ բջջային քաղցկեղը բուժելի է, եթե հայտնաբերվում է վաղ փուլում: Ահա հիմնական բուժման մեթոդները.

  • Վիրահատական Հեռացում
    • Ստանդարտ էքսցիզիա: ՈՒռուցքը հեռացվում է շրջակա առողջ հյուսվածքի հետ միասին: Այս մեթոդը արդյունավետ է փոքր և հստակ եզրերով գոյացությունների դեպքում:
    • Մոսի միկրոգրաֆիկ վիրահատություն: Այս մեթոդը օգտագործվում է բարձր ռիսկի գոյացությունների համար, օրինակ՝ դեմքի վրա կամ մորֆեաֆորմ տեսակի դեպքում: ՈՒռուցքը հեռացվում է շերտ առ շերտ, և յուրաքանչյուր շերտ անմիջապես հետազոտվում է մանրադիտակով՝ համոզվելու, որ բոլոր քաղցկեղային բջիջները հեռացված են: Սա նվազեցնում է կրկնության ռիսկը և խնայում է առողջ հյուսվածքը:
  • Կյուրետաժ և էլեկտրոդեսիկացիա ՈՒռուցքը քերում են հատուկ գործիքով և այրում էլեկտրական հոսանքով: Այս մեթոդը հարմար է փոքր, մակերեսային գոյացությունների համար:
  • Ճառագայթային թերապիա Ճառագայթումը օգտագործվում է այն դեպքերում, երբ վիրահատությունը հնարավոր չէ, օրինակ՝ տարեց հիվանդների կամ դժվար հասանելի վայրերում գտնվող գոյացությունների դեպքում: Այն արդյունավետ է, բայց պահանջվում է մի քանի սեանս:
  • Տեղային բուժում Որոշ դեպքերում օգտագործվում են քսուքներ, որոնք խթանում են իմունային համակարգը՝ ոչնչացնելու քաղցկեղային բջիջները: Այս մեթոդը հարմար է մակերեսային բազալ բջջային քաղցկեղի բուժման համար.
  • Hedgehog ուղու ինհիբիտորներ Օգտագործվում են տեղային և մետաստատիկ բազալ բջջային քաղցկեղի դեպքում: Բերանացի օգտագործման դեղամիջոցներ են, որոնք արգելակում են ուռուցքի աճը:

Կանխատեսում և Հետագա Խնամք

Բազալ բջջային քաղցկեղի կանխատեսումը սովորաբար գերազանց է: Այն հազվադեպ է տարածվում (մետաստազներ առաջացնում է 0.0029-0.05% դեպքերում), և վաղ բուժման դեպքում բուժման հաջողության մակարդակը գերազանցում է 95%-ը: Սակայն, եթե այն անտեսվում է, կարող է խորանալ և առաջացնել բարդություններ, օրինակ՝ դեմքի կամ աչքերի շուրջ տեղակայման դեպքում:

Հետագա խնամքը ներառում է.

  • Կանոնավոր այցեր մաշկաբանին: Բուժումից հետո խորհուրդ է տրվում այցելել մաշկաբանին 6-12 ամիսը մեկ՝ կրկնության կամ նոր գոյացությունների հայտնաբերման համար:
  • Մաշկի ինքնազննում: Շարունակեք ստուգել Ձեր մաշկը ամեն ամիս:
  • Արևի ՈՒՄ ճառագայթներից պաշտպանություն: Նույնիսկ բուժումից հետո Ձեր մաշկը կարող է մնալ խոցելի ՈՒՄ ճառագայթների նկատմամբ:
  • Արևապաշտպանների կանոնավոր օգտագործում: Անհրաժեշտ է թարմացնել արևապաշտպանը յուրաքանչյուր 2 ժամը մեկ, հատկապես լողալուց կամ քրտնելուց հետո:
  • Պաշտպանիչ հագուստ: Երկարաթև վերնաշապիկներ, լայնեզր գլխարկներ և արևային ակնոցներ, որոնք պաշտպանում են ՈՒՄ ճառագայթներից:
  • Խուսափեք սոլյարիներից: Սոլյարիները նույնքան վնասակար են, որքան բնական արևը, և կարող են
    զգալիորեն մեծացնել բազալ բջջային քաղցկեղի ռիսկը:
  • Մաշկի Խնամք: Կանոնավոր կերպով խոնավացրեք Ձեր մաշկը: Չոր մաշկը կարող է ավելի խոցելի լինել վնասվածքների նկատմամբ, ուստի օգտագործեք խոնավացնող միջոցներ:
  • Դադարեցրեք ծխելը: Ծխախոտի ծուխը կարող է վնասել մաշկի բջիջները և մեծացնել քաղցկեղի ռիսկը:

Եթե բազալ բջջային քաղցկեղը կրկնվում է, այն սովորաբար ավելի ագրեսիվ է լինում, ուստի կարևոր է հետևել բժշկի խորհուրդներին և չանտեսել նոր փոփոխությունների ի հայտ գալը:

Ինչու՞ Է Կարևոր Իրազեկվածությունը

Հայաստանում, որտեղ արևի ՈՒՄ ճառագայթների ինտենսիվությունը բարձր է, իսկ բնակչության մեծ մասն ունի մաշկի բաց գունավորում, բազալ բջջային քաղցկեղի մասին իրազեկվածությունը կարող է փրկել կյանքեր: Շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ պարզ վերքը կամ բիծը կարող է լինել քաղցկեղի նշան: Իրազեկվածությունը օգնում է.

  • Վաղ հայտնաբերել հիվանդությունը: Որքան շուտ է ախտորոշվում բազալ բջջային քաղցկեղը, այնքան ավելի հեշտ է բուժումը:
  • Կանխել բարդությունները: Չբուժված բազալ բջջային քաղցկեղը կարող է վնասել դեմքի կամ այլ օրգանների հյուսվածքները:
  • Նվազեցնել ռիսկը: Պաշտպանիչ միջոցառումները, ինչպիսիք են արևապաշտպան քսուքի օգտագործումը, կարող է զգալիորեն նվազեցնել բազալ բջջային քաղցկեղի զարգացման հավանականությունը.

Եզրակացություն

Բազալ բջջային քաղցկեղը չարորակ, բայց կառավարելի և բուժելի հիվանդություն է, եթե հայտնաբերվում է վաղ: ՀՀ ԱՆ Մաշկաբանության Ազգային Կենտրոնը կոչ է անում լինել ուշադիր Ձեր մաշկի նկատմամբ, պաշտպանվել արևի ճառագայթներից և կանոնավոր կերպով այցելել մաշկաբանին: Իրազեկվածությունը և կանխարգելումը կարող են կանխել բարդությունները և օգնել Ձեզ վայելել առողջ և երջանիկ կյանք: Եթե ունեք հարցեր կամ կասկածներ, մի հապաղեք դիմել մեր մասնագետներին: Մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ՝ Ձեր մաշկի առողջությունը պահպանելու համար:

Կիսվիր այս նյութով
Բաժանորդագրվեք մեր նորություններին